17/09/2020 14:59
Երբ իրենց շատ սիրած «դուխը» կունենան ու անվանական բան կասեն, պատասխան կստանան. Իվետա Տոնոյանը՝ իշխանության մասին
«Ով պետք է իրեն գտներ, տեսներ այդ գրառման մեջ` գտել և տեսել է»,- անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գրառմանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
Նա հաստատեց, որ պատրաստվում են Սահմանդրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն:
Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկվա ԱԺ եզրափակիչ ելույթի վերաբերյալ ասաց. «Բարեկրթության նորմերն անցնող հայտարարություն էր»:
Պատգամավորի խոսքով՝ նախարարի հայտարարությունների ուղղությամբ փաստաբաններն արդեն աշխատում են:
Նա ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումն իրենց համար անընդունելի է: Իսկ կառավարութան 100 տոկոսանոց հրաժարականի մասին խոսել են ամիսներ առաջ և, Տոնոյանի պնդմամբ, ծրագրերում որևէ բան չի փոխվել:
«Հասկանում եմ, որ իշխանությունները որդեգրել են անհասցե մեղադրանքների գործելաոճը: Երբ իրենց շատ սիրած «դուխը» կունենան ու անվանական բան կասեն, վստահաբար, համարժեք պատասխան կստանան», - նշեց Ի. Տոնոյանն՝ ավելացնելով, որ իրենց կողմից որևէ նախահարձակ քայլ չի եղել, ամեն ինչ եղել է ի արձագանք: