18/09/2020 13:27
Կառավարությունում լսել են առևտրականների խնդիրների մասին, վերջիններս պատասխանի են սպասում
Բոլոր խնդիրները ներկայացրեցինք, դրանք կետ առ կետ կներկայացվեն վարչապետին, կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից մեկը։ Նրանցից մի քանիսին կառավարությունում ընդունել էին վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանը և Սուրեն Ղամբարյանը։
«Հիմա սպասում ենք, թե ինչ որոշում կկայացվի։ Թե երբ՝ չենք կարող ասել, խորհրդակցություն կհրավիրվի։ Թե ինչ արձագանք կլինի, նախապես որևէ մեկը չի կարող ասել, կարող է կետեր լինեն, ընդունելի լինեն, կետեր լինեն՝ ոչ։ Երբ պատասխան լինի, կխոսենք դրա մասին», - ասաց բողոքի ակցիա իրականացնողը։
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։
Այսպիսով, հագուստի առևտրով զբաղվող քաղաքացիները կդադարեցնեն իրենց ակցիան՝ սպասելով պատասխանի։