18/09/2020 17:05
Ղարաբաղյան հարցի կարգավորմանն այդքան մոտ երբեք չենք եղել. Քոչարյանը՝ քիվեսթյան բանակցության մասին (Տեսանյութ)
Քաղաքագետների հետ քննարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ խոսեց, այսպես ասած, քիվեսթյան փուլի մասին:
Քի Վեսթում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել պայմանագիրը: Եվ հրաժարվելու մասին հենց այնտեղ է հայտարարել՝ անակնկալի բերելով բոլորին:
«Այդ փաստաթուղթի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր: Ղարաբաղը միանում էր Հայաստանին: Մեր կողմից զիջումն այն էր, որ մենք համաձայնում էինք սուվերեն ճանապարհի իրավունք տալ Մեղրիի շրջանում: Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի հնարավոր մոդելավորումը ցույց տրվեց: Դա կլիներ թունել էստակադա»,- նշեց երկրորդ նախագահը:
Քոչարյանի խոսքով՝ իր տպավորություններով, Ղարաբաղի անկախությունն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար էր ընկալվում, քան՝ Հայաստանին միանալը:
«Իրենք տարածքների փոփոխություն ուզում էին: Ալիևն այդպիսի ցանկություն հայնտել էր, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի շուրջ: Այդ սուվերեն ճանապարհի իրավունքն էր այն ենթադրալ պայմանագրում, նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի Վեսթում: Եվ դրա դիմաց բացվում էին բոլոր ճանապարհները նաև Ադրբեջանով, կոմունիկացիաներն ամբողջությամբ բացվում էին: Ամբողջությամբ բացվելու պարագայում, իհարկե, պետք է բացվեր նաև ճանապարհը՝ Ադրբեջանից Նախիջևան»,- ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը:
Հրաժարվելու պատճառն Ալիևը ճաշի ժամանակ Քոչարյանին խոստովանել է:
«Նա Ադրբեջանում այդպիսի արձագանքների չի սպասել: Այդ ժամանակ հրաժարականներ եղան»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատմելով՝ Ադրբեջանի նախագահն իրեն խոստովանել է, որ գերագնահատել կամ թերագնահատել է հարցի զգայնությունը ժողովրդի համար, գերագնահատել է իր ազդեցության աստիճանը:
Ի դեպ, Քոչարյանը նաև ավելացրեց՝ ինքը նախապես հասկացել էր, որ Ալիևը գալու և հրաժարվելու է: «Երկու անգամ դեսպանին հրավիրել ու ասել եմ, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվում էին Ադրբեջանի խորհրդարանում, հուշում էին՝ հող է պատարստվում հրաժարվելու համար: Չլսեցին, հիմա ստացան այն, ինչ ստացան»:
Քոչարյանի գնահատմամբ՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանը երբեք այդ աստիճան մոտ չենք եղել՝ մինչև այդ և դրանից հետո: