18/09/2020 18:16
«Մենակ խաղաղություն ենք ցանկանում». Այգեպարում շինարարական եռուզեռ է (Տեսանյութ)
Հուլիսյան իրադարձություններից հետո հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:
Աշխատանքներ են իրականացվում ընդհանուր թվով 21 բնակելի տներում, որոնցից 16-ը՝ Այգեպարում, 3-ը՝ Ներքին Կարմիրաղբյուրում, 2-ը՝ Չինարիում։ Չինարիում նաև հիմնովին կառուցվում է մեկ առանձնատուն։
Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ու Չինարի գյուղերում կառուցվել են 48 տան ու ավելի քան 70 կից կառույցների տանիքներ, իրականացվել են կոնստրուկտիվ-վերականգնողական աշխատանքներ։
Այգեպարցիները ոգևորված են, ասում են՝ «ստեղ ծնվել ենք, ստեղ պիտի ապրենք»։
«Մենակ խաղաղություն ենք ցանկանում, կրակոցներ չլսեմ, մենակ էդքանը»,-ասում է այգեպարցի Լիդա տատիկը։
Հակառակորդի հետակոծությունից Այգեպարում ամենամեծ վնասը կրել է Անդրանիկ Մարգարյանի տունը։
Հեռախոսի մեջ պահել է վնասված տան՝ արդեն հին նկարները, իսկ հիմա ակտիվորեն շինարարություն է անում։
Պատմում է՝ կրակոցներից ընդամենը երկու օր առաջ ամբողջ ընտանիքով նույն տեղում նստած են եղել։
«Բայց, հասկանալով իրավիճակը՝ տեղափոխվել ենք անվտանգ տեղ»,-ասում է Անդրանիկը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցնում է ՝ երկու շաբաթից հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների նորոգումը կավարտվի։
«Տավուշի մարզի գյուղերը նախորդ 30 տարիների ընթացքում ենթարկվել են մասսայական հրետակոծությունների, որևէ անգամ այս ծավալի աշխատանք, այն էլ օպերատիվ՝ չի կատարվել»,-նշում է մարզպետը։