18/09/2020 10:13
«1000 դրամների հիմնադրամն» ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում այսօր հետաձգվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը:
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել համապատասխան միջնորդությունն ու «tert.am»-ը, «168 ժամ»-ը, «Առավոտ» օրաթերթը ներգրավել որպես պատասխանող կողմեր: Գործի քննությունը հետաձգվեց՝ նրանց ծանուցելու և դիրքորոշում ներկայացնելու համար ժամկետ սահմանելու նպատակով: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին ԱԺ-ում հարց էր տվել, թե եթե հայտարարվում է, որ երկում 60 հազարից ավելի աշխատատեղ է բացվել, այդ դեպքում ինչո՞ւ համապատասխան քանակով 1000-ական դրամներ չեն փոխանցվում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվին։
Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Իմ դեմ հայց է ներկայացվել՝ պահանջով, որ ես հերքեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, զրպարտությունը։ Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը»։