21/09/2020 15:28
Արայիկ Հարությունյանը վտանգավոր հայտարարություն է արել. Բալասանյան
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վտանգավոր հայտարարություն է արել, այսպես արձագանքեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը լրագրողների այն դիտարկմանը, որ Արցախի նախագահը հայտարարել է՝ բանակցություններ չեն լինելու:
«Չի կարելի նման հայտարարություն անել: «Չի կարելի»-ն վերաբերում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ ասում են՝ Արցախը Հայաստան է և՛ վերջ: Դա շատ վտանգավոր է: Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է: Երբ Արցախի Հանրապետության հարցը քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի, խնդրեմ, Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թող որոշի՝ ունենալ մեկ Արմենիա՝ երկու հայկական հանրապետությո՞ւն, թե՞ մեկ Արմենիա՝ մեկ դրոշով»:
Նա ավելացրեց նաև, որ երբ խոսում են, անվտանգության բաղադրիչն ավելի բարձր են գերադասում.«Դա շատ վտանգավոր է»:
Բալասանյանի խոսքով՝ անվտանգության բաղադրիչը հավասար է Ղարաբաղի ինքնորոշմանը:
Ասում է. «Եթե չկա ինքնորոշում, չկա անկախություն, չկա միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետություն, այսպես խոսելը ծիծաղելի է»:
Հարցին՝ ինչո՞ւ են ՀՀ և Արցախի իշխանությունները միմյանց հակասում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ որևէ բան հիմա չեն հակասում, և որ մեկը մյուսի կցորդն է: