21/09/2020 14:25
Ժամանակները ցույց կտան, որ թիվ մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է. Բալասանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նախորդ իշխանությունների ժամանակ ղարաբաղյան հարցում Հայաստանը երբևէ չի եղել հակամարտող կողմ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը եղել է միջնորդ, բանակցությունների երաշխավոր, բայց հիմա ՀՀ իշխանությունները ՀՀ-ն ներքաշել են հակամարտության մեջ:
«Իսկ տավուշյան դեպքերից հետո կարող ենք հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է», - նշեց նա։
Լրագրողները հիշեցրեցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմի են ձգտում: Ի պատասխան՝ Բալասանյանն ասաց.
«Ով հայտարարել է, ես համոզված եմ, որ դավադիրն ինքն է երկրի համար: Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»:
Բալասանյանը տավուշյան դեպքերին չցանկացավ անդրադառնալ: