21/09/2020 13:39
ԱԱԾ տնօրենի դեպքում գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հետ. Արսեն Բաբայան
Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել, թե արդյոք որևէ տեղեկություն կապ ունի իրականության հետ, թեկուզ աննշան, թե ոչ, էլ չասեմ՝ վերլուծել այն։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը։
«Ռուսաստանցի հակաիշխանական օլիգարխ Խոդորկովսկիին պատկանող «Դոսյեի» հրապարակումը ինքնին հանցագործության մասին հաղորդում համարելը ևս մեկ ցուցիչ է, որ գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հետ, քանի որ նույնիսկ «Դոսյեի» կայքը նշում է, որ պատասխանատվություն չի կրում հրապարակված տեղեկատվության բովանդակության համար», - նշել է Բաբայանը։
«Ինչ վերաբերվում է հայտնի գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններին, ապա կրկին հայտնում եմ, որ ՔԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գաղտնալսման դեպքն ամբողջությամբ բացահայտված է:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց», - գրել է Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը Եռաբլուր պանթեոնում այսօր հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։
««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի», - նշեց Արգիշտի Քյարամյանը։