21/09/2020 13:43
Այգեպար. Երբ երեխաները փայտե զենքերով են խաղում ու իրար խորհուրդ տալիս՝ հակառակորդի կրակոցներից չվախենալ (Տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարում երեխաների համար տոն է. արդեն կարողանում են հեծանիվ քշել, գործի դնել «սամակատը», հերթով իրար սայլով վեր ու վար անել. գյուղի ճանապարհները ասֆալտապատ են։
6-ամյա Րաֆֆին է առաջինը դիմավորում մարզ այցելած լրագրողներին ու վստահեցնում, որ դպրոցում լավ է սովորում։
Նա երազում է հայրիկի նման զինվոր դառնալ, իսկ թե ինչու, պատասխանում է. «Որ հայրենիքը պաշտպանեմ»։
Րաֆֆին լսում է հակառակորդի կրակոցները, բայց վստահեցնում է՝ չի վախենում։
Գյուղում հանդիպում ենք զույգ եղբայրներին՝ Արտակին ու Արշակին։ Արտակը որոշել է սրտաբան դառնալ, Արշակը՝ հետախույզ։
Այգեպարցի Արտակը, Արշակը, Նարեկը, Արամը, Հրաչը շատ են ուզում զինվոր դառնալ։
Արտակն ու Արշակը տատիկի տանը վերանորոգման աշխատանքներ կատարողներին խնդրել են իրենց համար փայտից զենքեր պատրաստել. Արշակը հրամանատարն է, իր զինվորներին հրամաններ չի տալիս, բայց խորհուրդ տալիս է՝ կրակոցներից չվախենան։