Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում մեկ հարց է՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցումներով:
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:
Առաջարկվում է ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով: Նախարարությանը ենթակա մարմինների ցանկում ավելացնելով նոր կառույց՝ Համալիր սոցիալական ծառայությունը:
Առաջարկվում է նաև նորաստեղծ համալիր սոցիալական ծառայության պաշտոնները մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը, զբաղեցնել ժամկետային աշխատանքային պայմանագրով:
Նշվում է, որ այդ փոփոխությունը մեծապես կնպաստի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը, լիարժեք կայացմանը: