22/09/2020 15:18
Թող հանրությանը ներկայացնեն՝ չեն հավատում, որ ժողովուրդը պետք է ունենա երազանք. Մակունցը՝ ԲՀԿ-ի որակումների մասին
Մարդկանցից, ովքեր չեն պատկերացրել՝ ինչպես կարող է մեր պետությունն ունենալ զարգացման ռազմավարություն, կարծում եմ՝ կարելի էր սպասել նման արձագանք: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանի զարգացման ռազմավարությունը «Բարգավաճ Հայաստան» - ի ներկայացուցիչների կողմից որակվել է բաժակաճառ, համեմատվել է գեբելսյան ստի հետ:
«Առաջիկայում իրենք հասարակության հետ հաղորդակցման ծրագրեր ունեն: Թող հանրությանը ներկայացնեն, որ իրենք չեն հավատում պլաններին, չեն հավատում, որ հայ ժողովուրդը պետք է ունենա որևէ երազանք: Թող ներկայացնեն»,- ասաց պատգամավորը:
Հոկտեմբերի 8-ի հանրահավաքի հետ կապված մտահոգություն կամ անհանգստություն ունենալու մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Չի անհանգստացնում»:
Միաժամանակ նկատեց, որ հանրահավաք կազմակերպելու պատճառաբանություններն իր համար անհիմն են:
Ինչ վերաբերում է «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին՝ Մակունցն ասաց.
«Սեփական երկրի շահերը չներկայացնողներին, կամ՝ շահերի դեմ աշխատողներին և այլ երկրի շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական տամ: Այդ մարդիկ հստակ դավաճանի պիտակ ունեն»: