22/09/2020 11:49
«Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեի ու կառավարության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվեց։
«Մեզ ասացին, որ հարցը կզեկուցեն վարչապետին», - հանդիպումից հետո ասաց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ իրենք ունեն մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի։
«Եթե մեր օրինական պահանջը չկատարվի, մենք կդադարենք կրել այն պատասխանատվությունը, որը, որպես առաքելություն, ստանձնել ենք մեր պետության նկատմամբ», - նշեց Գրիգորյանը։
Նա ասաց, որ ավարտում են ակցիան, վերադառնում են համալսարան, որտեղ էլ կորոշեն իրենց հետագա անելիքները։
Ըստ կազմկոմիտեի՝ արդեն շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։
«2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ: Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել», - նշված է նրանց տարածած հայտարարությունում։
Կազմկոմիտեի պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է։