23/09/2020 15:53
«Մաման ասում էր՝ էլ կրակիլ չեն, վախիլ մի». այգեպարցի Յանան պատմում է հուլիսյան դեպքերի ու «մամա» դառնալու երազանքի մասին (Տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում է ապրում Յանան. մարզ այցելած լրագրողների հետևից անդադար ման է գալիս։
«Մեր տանն էլ էին կրակում, եկեք ցույց տամ», - մոտենում է ինձ ու ասում Յանան։
Պատմում է իր քույր ու եղբայրների մասին։
«Մինի անունը Գրետա է, մինի անունը՝ Վահագն, մի հատ էլ ապեր ունեմ, անունը Լյովա է»,-ասում է փոքրիկ այգեպարցին. ամենաշատը Լյովային է սիրում։
Պատուհանից մեզ է «նայում» Նատալին. Յանայի տիկնիկն է. «Սառայանց տան պուճուրի» պատվին է Յանան տիկնիկին Նատալի կոչել։
Մեզ համար մայրիկի «հեռախոսի մեջի» երգերից է երգում Յանան, հետո հիշում, որ պետք է ցույց տա ապաստարանը, որտեղ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մնում էին։
«Բալկոնը տվել են, քանդել, երկու ուստեն սարքում են», - ասում է նա ու մեզ ուղեկցում դեպի ապաստարան։
«Գալիս էինք ստեղ, որ կրակեն՝ մենք չմահանանք, չլսենք», - մեզ պատմում է Յանան։
Դպրոցից մայրիկի հետ վերադառնալուց է եղել, երբ կրակել են։ Մայրիկն ասել է՝ չվախենաս։
«Ասում էր՝ էլ կրակիլ չեն, վախիլ մի», - պատմում է այգեպարցի Յանան։
Յանան արդեն որոշել է՝ մեծանա, «մամա» է դառնալու։