24/09/2020 22:57
Սմբատ Գոգյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։
«Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սմբատ Գոգյանը։
ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։
Նշենք, որ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։