24/09/2020 16:10
Քաղաքացիները բանկային պայմանագրերը չեն կարդում, դրանք էլ խրթին ձևակերպումներով են. ՄԻՊ
Քաղաքացիները բանկային պայմանագրերը չեն կարդում,մեխանիկորեն ստորագրում են: ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ նկատեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով նաև, որ բանկային պայմանգրերը խրթին են: Ասում է՝ դրանք այնքան խրթին են, որ փաստաբանների դեպքում էլ երբեմն հարցեր են ի հայտ գալիս:
Ըստ նրա՝ բանկային համակարգում պետք է ավելի ուժեղացնել իրազեկման գործընթացը, պարզեցնել պայմանագրերը: Իսկ գլխավոր հարցը պետք է լինի այն, որ քաղաքացիները կարդան պայմանագրերը:
Դատական քաշքշուկներին անդրադառնալով էլ՝ Թաթոյանը նկատեց, որ դատական գործընթացների ձգձգումների ընթացքում տոկոսներն ավելնում են, և այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ քաղաքացին կորցնում է գրավի առարկա հանդիսացող, օրինակ, բնակարանը:
Ըստ նրա՝ դատական քաշքշուկների գլխավոր պատճառն այլընտրանքային համապատասխան մարմնի բացակայությունն է:
ՄԻՊ-ը խոսեց նաև թոշակների վրա տարածվող բռնագանձման դեպքերի մասին: