25/09/2020 18:00
Դատարանը հետաձգեց Արսեն Բաբայանի, Լիլիթ Գալստյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած բողոքի քննությունը (Տեսանյութ)
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հետաձգվեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը՝ բողոքի արդյունավետ քննության անհրաժեշտությունից ելնելով: Դատարանը պատճառաբանեց, որ նյութերը չի ստացել, աշխատանքային օրը մոտենում է ավարտին:
Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 6-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։
Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքն Առաջին ատյանի դատարան։
Փաստաբան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում դատարանի որոշումն անհիմն համարեց: Նա նշեց, որ, բնականաբար, առանց ներկայացված նյութերի արդյունավետ քննարկման հնարավոր չէ բողոքը քննել, բայց, ըստ նրա, անհրաժեշտ էր նախ լսել բողոքի բովանդակությունը. «Իսկ 40 րոպեն բավական ժամանակահատված էր այն ներկացնելու և ժամանակը ողջամիտ օգտագործելու համար»
Նա նկատեց, որ նյութերի՝ մինչ օրս դատարանի կողմից չստանալը ինքնանպատակ չէ: Փաստաբանը չբացառեց՝ գուցե ժամանակ շահելու և պատասխաններ պատրաստելու նպատակ կա:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ոչ միայն չբացառեց դատարանի վրա ճնշումները, այլև ասաց, որ ուղղորդում են տեսնում. «Բայց մենք ուզում ենք՝ իրավական ճանապարհն իրացված համարվի»:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ իր մտորումները ներկայացրեց: Ասաց. «Հուցե, դատավորը սպասում է գործի քննությունը շարունակի մյուս իշխանության ժամանակ, երբ այս իշխանությունը հեռացված կլինի, իսկ ինքն անկաշկանդ կլինի»:
Ի դեպ՝ Բաբայանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի աճող թվերին:
«Ես վստահ չեմ, որ թվերն աճում են: Կարծում եմ, որ դրանք արհեստականորեն աճեցվում են, որպեսզի հանրահավաքի վրա ազդելու համար նախապատրաստական աշխատանքներ տարվեն»,-նկատեց նա: