25/09/2020 12:07
Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյանը՝ Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակների մասին
Մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակները, հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը երկու հիմնական պատճառ կարող են ունենալ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով պատճառները.
«Առաջին՝ Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։ Երկրորդ՝ Տավուշում տեղի ունեցած զարգացումները, որոնք մի կողմից ամրագրեցին բանակցությունների փակուղային վիճակը, մյուս կողմից՝ դրանց հանգուցալուծման բացակայությունը, երկու ելք է ենթադրում։ Վերադարձ բանակցությունների օրակարգ կամ անորոշ սահմանային սադրանքների կամ ռազմական գործողությունների ծավալում»։
Ասում է, եթե դիտարկենք բանակցությունների վերսկսման հանգամանքը, ապա այս տրաբանության ներքո, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեծացնել ճնշումը, այդ թվում՝ պատերազմի շանտաժով, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի զիջումների։
Աբրահամյան խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ենթադրում է, որ կա՛մ ռազմական գործողությունները կվերսկսվեն, կա՛մ այս ամենն արվում է Հայաստանի վրա տոտալ ճնշումներ գործադրելու և բանակցությունների վերսկսման պարագայում զիջումներ կորզելու համար։
«Նույնիսկ այն պարագայում, եթե ենթադրենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան բլեֆի են գնում՝ փորձելով Հայաստանից զիջումներ կորզել, ապա սա դեռ չի նշանակում, որ կարճ ժամանակ հետո, անհրաժեշտ զիջումները չստանալու պարագայում, Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատակը չի դառնա խնդրի ռազմական ուղով լուծումը։ Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա, ինչը մեզ ստիպում է անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել»,- նշել է կենտրոնի ղեկավարը: