26/09/2020 12:41
Նախկին ակտիվիստները ջինսերը հանել, կոստյում են հագել, դարձել «Անասնաֆերմայի» հերոսները. Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել
Աղբյուր Սերոբ թաղամասի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, թե Աղբյուր Սերոբի 7 հասցեում իրականացվող շինարարության պատճառով քանդվում են իրենց բնակարանները։
«Շինարարության հետևանքով իմ տան պատերին ճաքեր են առաջացել։ Իրավիճակը ներկայացրել եմ ԱԻՆ-ին, ասում են՝ երբ բալկոնը կպոկվի, կընկնի, զանգահարեք մեզ, կգանք, բալկոնը կբարձրացնենք։ Բազմիցս բողոքել ենք, դեռ հիմնական պատասխան չենք ստացել։
Նամակներ ենք ուղարկել թե՛ քաղաքապետարանին, թե՛ նախագահին, թե՛ վարչապետին։ Լռություն։ Գրում եմ, որ էս երեխեքը փոշի են շնչում։ Ամեն մի կտորը քանդելու համար կողքի շենքերն ու սեփական տները դղրդում են», - լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Նա նշեց, որ քաղաքապետարանից շինարարության վերաբերյալ համաձայնություն են տվել՝ չիմանալով նույնիսկ, որ այստեղ մանկապարտեզ է եղել։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե նախկին ակտիվիստները հիմա դարձել են պատգամավորներ և ավագանիներ ու նմանվել «Անասնաֆերմայի» հերոսներին.
«16-18 տարի իրար հետ քաղաքի ամեն մի շենքի համար պայքարել ենք, հիմա իրանք կոստյումներ են հագել ու ստեղ մարդ չկա։ Իրենք ինձնից զարգացած ու կարդացած են, կարդացել են Օրուելի «Անասնաֆերման», վերջին գլուխը գիտեն, երբ կենդանիները սկսում են խմել-լակել, ու հետո տեսնում են, որ բոլորը նույնացել են։ Ջինսերը հանեցին, կոստյումը հագան, մտածում են, որ մի բան են փոխել»։
Աղբյուր Սերոբ թաղամասի բնակիչն ասաց, թե լրատվամիջոցների հարցին ի պատասխան քաղաքապետարանից ասել են, որ հանրային քննարկում եղել է։
«Փաստորեն, այդ 109 հոգին, որ ստորագրել ենք, տառապում ենք այցհեմեռով, որովհետև ոչ մեկս այդ քննարկումը չի տեսել։ Հետո էլ պարոն վարչապետն ասում ա, թե էս-էս ազգանունների հետ ինձ կապողը թող գնա գլուխը պատով տա։ Թող գնա։ Մենք չենք ասում Նիկոլ, հեռացիր, Մարության, հեռացիր։ Առաջին ազգանուններն ինքն ա տվել, մենք որևէ մեկի անունը չենք տվել», - ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, թե կառուցապատման համար թույլտվություն տվել է Հայկ Մարությանը.
«Թող հիմա էլ Մարությանը գա ու ապացուցի, որ այդտեղ գտնված մանկապարտեզի շենքի վթարային էր»։