28/09/2020 22:49
Նման վարքագծով իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. Արցախի նախագահ
Երեկ հակառակորդը հայտարարեց, որ Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր իբր գրավել են, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդպիսի բան չի եղել:
«Բացը լրացնելու համար այսօր ավելի քան 50 միայն տանկ ու այլ զրահատեխնիկա են կիրառել, սակայն մերոնք կարողացել են խոցել տասնյակ տեխնիկա»:
Նախագահի խոսքով՝ Ադրբեջանը բավական երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին՝ փորձելով վնասել նաև կապի ուղղությունները:
«Սուտասան ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել ու իրենք անցել են հակահարձակման: Ստում են ամբողջ աշխարհին ու աշխարհը գիտի այդ մասին: Հակառակորդի խոցված տեխնիկան հարձակողական է», - նշեց նա՝ ավելացնելով, որ նրանք էլ մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկայի մասին են հայտնում՝ հիմնականում Օսա-ներ, որոնցով պաշտպանվում են, չեն հարձակում:
Հարությունյանի խոսքով՝ նման վարքագծով իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. «Մենք կռվում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ»: