30/09/2020 10:40
Հետախուզման մեջ գտնվող պաշտոնյաների՝ Հայաստան վերադառնալու հարցը քրեական դատավարության տիրույթում է և չի կարող պայմանավորվել այլ հանգամանքով. Դատախազություն
Հետախուզման մեջ գտնվող մի շարք պաշտոնյաներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ Հայաստան վերադառնալ թույլ տալու խնդրանքով։
Aysor.am-ի հարցին, թե այս հարցով ինչ-որ որոշում կա՞, թե՞ ոչ, ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը պատասխանեց.
«Նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում ու չեն կարող պայմանավորված լինել որևէ այլ հանգամանքով: Հետևաբար դատախազությունը նման հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով»։
Նա նշեց նաև, թե կոնկերտ մեղադրյալներիի պաշտպանի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ:
«Միջնորդության քննարկման համար սահմանված են կոնկրետ ժամկետներ, որոնք տվյալ միջնորդությունների պարագայում դեռևս չեն լրացել: Այդ ժամկեների պահպանմամբ կայացված որոշումները կուղարկվեն միջնորդություն ներկայացնողներին: Հորդորում ենք տարատեսակ մեկնաբանություններով չփորձել ազդել քրեադատավարական գործընթացների վրա», - ասաց Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու և իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Վերջիններս դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար։