30/09/2020 19:24
Իրանը պատրաստակամ է միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար. Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Իրան-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարի հետ
Այսօր Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ Հայաստանի ունեցած տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։
Պարոն Ֆարշադանին մտահոգություն է հայտնել լարված իրավիճակի և ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար։