30/09/2020 10:37
ԿԳՄՍՆ ներկայացուցիչները միջազգային հարթակում բարձրաձայնել են COVID-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին
Գլոբալ կրթության հանդիպման (ԳԿՀ) հռչակագրի ընդունմանն ընդառաջ՝ կայացել է հռչակագրի նախագծի նախապատրաստման խմբի առցանց քննարկումը, որին մասնակցել են եվրոպական տարածաշրջանի շուրջ 40 երկրի մոտ 80 պատվիրակ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, ոլորտի մասնագիտական քննարկմանը զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` բարձրաձայնելու COVID-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին: Մասնավորապես, ներկայացվել են սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով:
Նշվում է նաև, որ ի լրումն Արցախի դեմ տարվող պատերազմական գործողությունների՝ ներկայացվել է նաև Հայաստանի, մասնավորապես, Վարդենիսի դեմ կիրառվող ագրեսիան: Առանձնակի շեշտադրվել են հատկապես խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում և ուսումնական հաստատությունների վրա հարձակումները։
Հայկական կողմն ընդգծել է այն հանգամանքը, որ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն` անվերապահ պաշտպանում է յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության և/կամ հարձակման սպառնալիքի:
Հայաստանը դատապարտել է սովորողների, դասավանդողների և ուսումնական հաստատությունների հանդեպ բոլոր թիրախավորումները՝ ընդգծելով, որ նմանատիպ գործողություններն անընդունելի են և պետք է խստագույնս դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Քննարկումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:
Նախարարությունից նշում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, կրթության ոլորտի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի 22-ին կանցկացնի Գլոբալ կրթության հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունումը։ Այն միտված է ոլորտում COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանը: