01/10/2020 20:57
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախում շահագրգռված են, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն. Արման Թաթոյան
Արցախում վիրավորված լրագրողների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Լրագրողների անվտանգությունը պետք է պարտադիր ապահովվի, բայց ոչ թե պետք է ապահովվի այն կոչով, որ լրագրողներին չթողնեն այդ վայր, այլ հակառակը, լրագրողի անվտանգությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արդեն իսկ ապահովված է, քանի որ նրա կարգավիճակը հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, հետևաբար լրագրողի մուտքը կոնկրետ կոնֆլիկտային գոտու վայր հիմք է, որպեսզի ապահովվի նրա անվտանգ աշխատանքը», - ասաց Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանում, օրինակ, չեն թողնում միջազգային լրագրողներին աշխատել։
«Իսկ Արցախում շահագրգռված են, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն», - ասաց Թաթոյանը։