02/10/2020 14:49
Լրագրողների հետ տեղի ունեցածը ցույց է տալիս Ղարաբաղում իրավիճակի ծանրությունը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողների հետ տեղի ունեցածը Ղարաբաղում ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը, հայազգի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մեկնաբանելով «Le Monde»-ի լրագրողների հետ տեղի ունեցածը։
Նա ասաց, որ ֆրանսիացի երկու լրագրողների հետ տեղի ունեցած դեպքը Ղարաբաղի Մարտունի քաղաքում պատերազմական գործողությունների հետևանքով առաջացրել է ոչ միայն իր, այլև Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության մտահոգությունը։
«Նախագահ Մակրոնը հայտարարել է դրա մասին երեկ Բրյուսելում՝ մեկնաբանելով ոչ միայն լրագրողների հետ կապված իրավիճակը, այլև այս հակամարտության», - ասաց դեսպանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկու լրագրողների բուժման մեջ և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում։
«Մենք ուրախ ենք, որ նրանք ժամանել են Երևան և որ ի վիճակի են մեկնել Ֆրանսիա։ Այս դեպքը նաև ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը Ղարաբաղում և ոչ միայն լրագրողների, այլև բնակչության համար, ովքեր տուժում են ամենօրյա հրթիռակոծությունից», - եզրափակեց խոսքը Լաքոթը: