23/10/2020 21:30
Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:։
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Իգնազիո Կասսիսը վերահաստատել է Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը: