24/10/2020 00:39
Բորելն ու Պոմպեոն Թուրքիային կոչ են անում զերծ մնալ Ղարաբաղում վտանգավոր գործողություններից
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ զրույցից հետո:
«Երկու առաջնորդներն էլ գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղիհակամարտության գոտում և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել համաձայնեցված հրադադարը: Նրանք կողմերին կոչ են արել անհապաղ վերսկսել բովանդակալից բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս երկու սկզբունքները կոչ են անում բոլոր դերակատարներին, ներառյալ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել տարածաշրջանի համար ռիսկերը», - ասվում է դրանում:
Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն արտաքին կողմ ասելով նկատի ունեն Թուրքիային, որը, ինչպես հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է տեղափոխել Ղարաբաղի հակամարտության գոտի: Դրանից հետո Բրյուսելը Անկարային կոչ է արել չխառնվել, գրում է ՏԱՍՍ-ը։