24/10/2020 12:24
Չնայած արձակուրդին՝ դպրոցներում եռուզեռ է. ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողներն առաջնագծի համար քողարկող ցանցեր են պատրաստում
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին, հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից:
Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ ներդումն է հաղթանակի գործում, չէ՞ որ հզոր ճակատ ունենալու համար պետք է նաև թիկունքում ամուր լինենք»,- վստահեցնում են Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի աշակերտները։
Այս շրջանում դպրոցում ոչ միայն ցանցեր են պատրաստում, այլև ընդունում․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Երևանի վարչական շրջանների և մոտ մարզերի (Արմավիրի, Կոտայքի) դպրոցների պատրաստած ցանցերն այստեղ են հավաքում և ուղարկում առաջնագիծ։