28/10/2020 15:58
Ռազմական դրության ժամանակ որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը
Խորհրդարանն այսօր երկրորոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ 69 կողմ քվեով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է լրամշակել մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը:
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում:
Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ արդեն իսկ առկա են պաշտոնատար անձանց առաջադրված համապատասան մեղադրանքներ, և իրենք գտնում են, որ այս պահի դրությամբ պետք է ավելի խիստ պատժաչափեր սահմանվեն, որպեսզի այդօրինակ անձինք որոշակի իրավիճակներում ձեռնպահ մնան որոշակի արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց:
Այսպիսով, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը կպատժվի 6-12 տարի ազատազրկմամբ, նախկինում նախատեսված 4-8 տարվա փոխարեն:
Զինվորական հնազանդությունից կամ պատերազմի ընթացքում հարկեր վճարելուց խուսափելու առավելագույն պատիժը սահմանվել է 1-5 տարի ազատազրկում՝ 4 տարվա փոխարեն։
Պատերազմում հրամանը չկատարելու համար պատիժը 5-15 տարվա ազատազրկումից կփոխվի 8-15 տարվա ազատազրկման:
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտական իրավիճակում կատարված դասալքությունը կպատժվի 8-15 տարվա ազատազրկմամբ՝ նախկինում հաստատված 6-12 տարվա փոխարեն: