30/10/2020 13:33
Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել՝ պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը. Բաթոյան
Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նաև ավելացրել է, որ չի պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իր գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:
«Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը: Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով», - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ նախարարները, փոխնախարարները շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ: Ըստ հրապարակման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ և 962 հազար 305 դրամ պարգևավճար (օգոստոս ամսվա համար): Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ և 896 հազար 800 դրամ պարգևատրում (սեպտեմբեր ամսվա համար)։