30/10/2020 12:32
Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկներ. ԱԻ նախարարը՝ Արցախի փրկարարներին
Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է:
Օրվա առթիվ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել՝ նշելով.
«Այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ բնակչությանը պաշտպանելով, հայրենիքի սահմանների վրա մարտնչելով: Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Ցավոք սրտի, ունենք նաև թանկագին կորուստներ, և մեր խոնարհումը նրանց հիշատակի առաջ: Ձեր շարքերում կան վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ ցանկանում»:
Նախարարը մասնագիտական տոնի առթիվ մասնագետներին մաղթել է առողջություն և այս պատերազմում վերջնական հաղթանակի անկոտրում կամք:
Նրա խոսքով՝ այս պատերազմը նրանցից առավելագույն հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, և նրանք անում են անկարելին` բարձր պահելով փրկարարի կոչումը, պատիվն ու արժանապատվությունը:
«Սիրելի՛ գործընկերներ, Ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկրի համար. յուրաքանչյուրդ՝ առանձին-առանձին: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ հաղթանակ: Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ:
Խիղճ և խաղաղություն բոլորիս», - ասված է ուղերձում: