30/10/2020 11:47
«Թշնամու հրթիռների տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը». Արցախում փրկարարի օրն է
Հոկտեմբերի 30-ը Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է: Այդ առիթով ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:
«Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին: Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր»,- նշել է նա:
Սարգսյանի խոսքով՝ հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:
«Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին», - ասված է ուղերձում: