31/10/2020 19:24
«Ե՛կ ժենգյալով հաց օտինք», որ սահմանում զինվորը չմտածի ընտանիքի մասին, թիկունքում ընտանիքը՝ զինվորի մասին
Մեր երկու բուռ հողի մի բուռ ազգը նորից մի բուռ է դարձել ու հանուն սահմանին կռվողի՝ անսահման մտքի մի անկյունում մի նոր բան է մոգոնել. արցախյան ժենգյալով հաց թխել, որ և զինվորը հանգիստ լինի իր ընտանիքի ապահովության համար, և ընտանիքը՝ իր զինվորի ապահովության համար: Ու հենց դրա համար էլ Salad is-ն ասում է՝ «Ե՛կ ժենգյալով հաց օտինք»:
2019թ. մեկնարկած Salad is սոցիալական ձեռնարկությունը, որը միտված է օժանդակելու գյուղաբնակ ֆերմերների՝ իրենց մթերքը առավել դյուրին սպառելուն և առողջ սննդի քաղաքաբնակ սիրահարներին՝ ստանալու թարմ և մատչելի սննդի լավագույն այլընտրանք, պատերազմական իրավիճակից ելնելով՝ նոր նախաձեռնություն է կյանքի կոչել: Եվ ահա «Ե՛կ ժենգյալով հաց օտինք» նախագիծը Salad is-ի սոցիալական հերթական արձագանքներից է։
Ժենգյալով հաց թխելն ու վաճառելը կազմակերպելով՝ Salad is-ի հիմնադիր Նաիրա Սարդարյանն ասում է, որ մինչ տղաները պահում են սահմանները, իրենք օգնում են այն կանանց և ընտանիքներին, որոնք տեղափոխվել են Երևան ռմբակոծությունների հետևանքով. «Խնդիրը մեկն է՝ կանգնել բանակի կողքին թե՛ հոգեպես, թե ՛ ֆինանսապես աջակցել տեղահանված կանանց, ում որդիներն ու ամուսինները կռվում են Արցախում»։
Արցախի ներուժն օգնատործվելով ի շահ Արցախի՝ մի քանի հարց է լուծվում՝ կանանց զբաղվածություն, աշխատանքը որպես ռեաբիլիտացիոն միջոց և ֆինանսական կայունություն: Իսկ վաճառքի հասույթի 30 տոկոսը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կարևորելով կանանց ներդրումը նաև Արցախի համար։
Salad is-ի հիմնադիր Նաիրա Սարդարյանի խոսքով՝ արտադրամասում արցախցի կանայք արդեն երկրորդ շաբաթն է՝ պատրաստում են ժենգյալով հաց: Իրենք էլ ընդունում և կազմակերպում են առաքումը, վճարում նրանց աշխատավարձերը:
Նաիրա Սարդարյանն ասում է՝ այս ընթացքում նմանատիպ շատ նախաձեռնություններ սկսվեցին, բայց դրանցից յուրաքանչյուրով անկեղծորեն հիանում է, հպարատանում ազգի միասնականությամբ. «Այս պարագայում մեկը մյուսի հետ չի մրցակցում, քանի որ բոլորս ունենք մեկ խնդիր: Պատերազմը բոլորիս հոգսն ու պարտավորությունն է։ Պատերազմներում հաղթում է միասնականությունն ու հավատը գաղափարի նկատմամբ։
Հավատում եմ, որ հայ կանայք զորավոր են։ Բայց երբ ծանոթացա արցախցի կանանց հետ, հասկացա, որ իրենք առավել զորավոր են»։
Տիկին Ռիման այդ զորավոր կանանցից է: Նոր է եկել Արցախից: Մնացել էր մինչև վերջին հնարավոր պահը։ Պատմում է, թե գյուղում ինչպես էին հետևում ադրբեջանական հրետակոծության ուղղություններին ու ենթադրում՝ որն ուր է ուղղորդված։
Բայց ուր էլ որ ուղղորդվեն, միևնույն է, ինչ-որ մի օր ժամկետնանց են դառնալու. հայն է իր հողի վրա հարատև, ոչ թե թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական ուղղորդումները:
Առհասարակ, ասում են՝ կանայք «6-րդ զգայարան» էլ ունեն, ավելին են զգում: Իսկ եթե ժենգյալի հաց թխող վարպետ արցախցի կանայք արդեն ամռանը Արցախ են հրավիրում, ուրեմն՝ մի բան գիտեն:
«Մեր համագործակցությունը այսքանով չի ավարտվելու։ Մեր գործընկեր կանայք ամռանը Salad is-ի թիմին հրավիրել են Ստեփանակերտ՝ տեղում պատրաստված ժենգյալով հաց փորձելու: Անհամբեր սպասում ենք», - բարձրաձայնում է Նաիրա Սարդարյանը:
Կանայք էլ սպասում են: Այդ սպասումով էլ շարունակում են ժենգյալի հացի կրակը թեժացնել ու աղոթել, որ դեպի թշնամին կրակ բացող զինվորի կյանքի կրակը չմարի: