05/11/2020 15:48
Խնդրի լուծումը ռազմադաշտում է. հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է. Շավարշ Քոչարյան
Իրականում, խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է, Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Դա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի», - ասաց նա։
ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ բոլորն էլ զգում են, որ լինելու է բեկում ու էապես փոխվելու է ամեն ինչ։
«Հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու քո հողի համար, ուղղակի կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում։ Առաջին հերթին, մենք պետք է պահենք մեր հողը, այլ բան, որ մենք պետք է ձգտենք առավելագույն աջակցություն ստանալ», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարևաններին։
«Չի կարող չանհանգստացնել Իրանին, այն, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, ակնհայտ է, որ իրենց անհանգստացնում է, իրենք դրա մասին բացահայտ խոսում են ու ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում», - ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ վտանգը զգում է նաև Ռուսաստանը։
«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք խորացված հարաբերություններ», - ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։