17/11/2020 14:04
Թող ծածկադմփոց չանեն ու հստակ պատասխանեն, թե ինչու էին եկել իմ տուն. Վարդան Աթաբեկյանը՝ իմքայլական Հակոբ Սիմիդյանին ու Հայկ Սարգսյանին
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը մինչ այժմ չգիտի, թե ինչ նպատակով էին իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը գնացել իրենց տուն։
«Մեր խմբակցությունից երկու պատգամավոր այդ օրը զանգել են ինձ, իրենց տրվել է պատասխան, թե ինչու եմ դուրս գալիս խմբակցությունից։ Այնպես որ, դրա համար պետք չէր իմ տուն գալ», - ասաց Աթաբեկյանը:
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ ընդիիմության ներկայացուցիչներն են իրեն համոզել, որ դադարեցնի անդամությունը «Իմ քայլը» խմբակցությանը, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց.
«Բացառված է այդպիսի բան լինի, նույնիսկ հիմա։ Իմ ականջին հասել է, որ իմ առանձնատուն հենց դրա համար էին եկել։ Լավ կլինի բացատրեն, թե որտեղից այդ կասկածները։ Լավ կլինի, որ Սիմիդյանը դա իր մտքից, ֆանտազիաներից հանի ու չտրվի ուրիշի խոսքերին։ Ինքը երկար տարիներ ինձ ու իմ ընտանիքին ճանաչում է, իսկ ով ինձ ճանաչում է, գիտի, որ կարող է ուղիղ խոսքով հարցնի, ուղիղ պատասխան ստանա։ Դրա համար պետք չէր գաղտնագողի գալ իմ առանձնատուն։ Լավ կլինի, որ այդ ծածկադմփոց անելուց դուրս գան ու հստակ պատասխանեն, թե ինչու էին եկել իմ տուն։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ նման ձևով իմ տան վրա գալն իմ համար բացարձակ անընդունելի է» ։
Հիշեցնենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել էր խմբակցությունից դուրս գալու որոշման մասին՝ պատճառաբանելով, որ համակարծիք չի քաղաքական թիմի դիրքորոշման հետ։
Դրանից հետո նա հայտնել էր, որ իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մի քանի մեքենայով կեսգիշերն անց գնացել են իր տուն, ինքը, սակայն, տանը չի եղել։
Իսկ Հակոբ Սիմիդյանն, ավելի ուշ, ասել էր, թե գնացել էին՝ զրուցելու, հասկանալու, թե իրենց գործընկերն այդ հայտարարությունն ինչո՞ւ է արել։