
25/11/2020 18:23
Արցախում պահպանության ենթակա տարածքներն անգամներ մեծացել են, և այդ երկարությունը սպասարկելու համար մեր կարողությունների վերահաշվարկ պետք է անենք. Անդրանիկ Քոչարյան
Արցախում պահպանության ենթակա տարածքներն անգամներ մեծացել են, և այդ երկարությունը սպասարկելու համար մեր կարողությունների վերահաշվարկ պետք է անենք: Այսինքն՝ պետք է իրականացվեն գործողություններ, որոնք կատարում է հիմանականում պաշտպանական գերատեսչությունը՝ ռազմական դրության ռեժիմի պայմաններում, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի հակադարձում ռազմական դրության չեղարկման պնդումների:
ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին նկատեց, որ զորքեր տեղաշարժը և դրան հարող գործողությունները կարող են իրականացվել ոչ ռազմական դրության պայմաններում:
«Եթե մենք նոր զորահավաք չենք իրականացնելու, ռազմական դրությունն այլևս պետք չէ», - պնդեց նա:
Իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նկատեց, որ ռազմական դրույթունը երբեք ինքնանպատակ չի հայտարարվում, և այդ գործողությունից առաջ կառավարությունը բերել է պատշաճ հիմնավորումներ: