26/11/2020 12:38
Ծնողների հիմնական մասը գոհ է գնում մեր տված պատասխաններից. ՊՆ պաշտոնյա
Կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, աշխատում են։ Արդյունքը կախված է կոնկրետ տարածքում գործողություն անելուց, ՊՆ դիմաց ասաց ԶՈՒ Բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Աշոտ Հաջյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովների պակաս չունենք, սակայն արդյունք չկա։
«Մինչև Կարմիր Խաչն այդ տարածքներում գործողություն չանի, դժվար թե նորություն լինի։ Ծնողները ՊՆ դիմաց են հավաքվում հավելյալ ինֆորմացիա ունենալու համար», - ասաց ՊՆ աշխատակիցը։
Նշենք, որ պաշտպանության նախարարության դիմաց ծնողները բողոքում են զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից։
Աշոտ Հաջյանն ասաց, թե բոլոր հարցերով պետք է դիմել Ուլնեցու փողոցում գտնվող հանձնաժողով, քանի որ այնտեղ են առկա տվյալները։
«Էդ հանձնաժողովի բուն գործառույթը մեր զոհված, անհետ կորած զինծառայողների մասին տվյալների հավագրումն ու հայտարարումն է։ Կոնկրետ ինչ ինֆորմացիայի տիրապետում ենք, ծնողներին հայտնում ենք։ Ծնողների հիմնական մասը գոհ է գնում մեր տված պատասխաններից, բայց պետք է գնան Ուլնեցի փողոցում գտնվող հանձնաժողովում անկետաները բացեն, իրենց ունեցած ցանկացած ինֆորմացիան հայտնեն»,- ասաց Աշոտ Հաջյանը։