26/11/2020 12:55
Հրադադարի հաստատումից հետո զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի. թեթև վիրավորում ստացած զինվորները հնարավորություն չունեն բժշկական աջակցություն ստանալու. Զինվորի հարազատ (Տեսանյութ)
Զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության դիմաց։ Վերջիններս դժգոհում են զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից։
«Ստացել ենք տարբեր ահազանգեր և մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հետ։ Հիմնականում ստանում ենք նույն հաղորդագրությունները այս պահին պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի կազմակերպման, առողջության և ապահով կացության հետ կապված կազմակերպչական լիքը բացերի մասին» , - ՊՆ դիմաց լրագրողներին ասաց Զինծառայողի հարազատ Մանուկ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գրավոր առանձնացրել են մի քանի կետ, որ ներկայացնեն նախարարությանը։
«ՊԲ տարբեր զորամասերից շատ զինծառայողներ, հասկանալի է, որ մշտական տեղակայման վայրեր չունեն, բայց 16-17 օրը բավական շատ ժամանակ է՝ հասարակ, տարրական պայմաններով զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի։ Թեթև վիրավորում ստացած զինվորները հնարավորություն չունեն բժշկական աջակցություն կամ ստուգում ստանալու», - ասաց զինծառայողի հարազատը։
Նա նշեց, որ եթե պատերազմը շարունակվեր, զինվորը չէր մտածելու ցրտի կամ վատ պայմանների մասին, սակայն հրադադարից 16 օր անց պետք էր բավարար պայմաններ ապահովելու համար։
«Ընդամենը պատշաճ վերաբերմունք, բուժզննում ենք ուզում։ Զինվորը, որ բողոքում է իր առողջությունից, մեծ հաշվով բանի տեղ դնող չկա», - ասաց զինծառայողի հարազատը։