26/11/2020 13:37
ԱՆ ծուլության և անհեռատես քաղաքականության հետևանքով ԱԺ-ում զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում՝ արդարացնելու ռազմական դրության արհեստական երկարաձգումը. Սամսոնյան
Առողջապահությա նախարարության ծուլության և անհեռատես քաղաքականության հետևանքով այսօր խորհրդարանում զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում, որոնք ակնհայտ նպատակ ունեն՝ արդարացնելու ռազմական դրության արհեստական երկարաձգումը, ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԼՀ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նշենք, որ ավելի վաղ փոխնախարարը շեշտել էր՝ ռազմական դրությունն անհրաժեշտ է Հայաստան մուտք գործող հումանիտար բեռների անարգել և արտոնյալ պայմաններով ստացման համար:
Դիմելով ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանին՝ Սամսոնյանը նշեց, որ Հայաստանում կառավարության որոշմամբ՝ կարող են հարկային արտոնություններ տրամադրել՝ առանց ռազմական դրության պայմանների:
«Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ստանալ և այս տարիներին ստացել է՝ առանց ռազմական դրության պայմանների», - ասաց Սամսոնյանը:
Ավանեսյանն իր հերթին նկատեց, որ գործող օրենքները և արտոնությունները հետպատերազմական վիճակում կիրառելի և բավարար չեն, այդ է պատճառը, որ ռազմական դրությունը պետք է պահպանվի: