26/11/2020 11:08
Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը քննարկել են վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։
Նախարարը հույս է հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին` նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։