26/11/2020 11:50
Արդեն 30 հազար արցախցի ունի հաստատած դիմում, որ ստանա 68 հազար դրամ. Շահառուների թիվը կարող է հասնել 94 հազարի
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են արցախցիների աջակցությանը:
Երկու ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատված դիմում:
Նա ասաց, թե այս ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի։
Նախարարը տեղեկացրեց, թե երկրորդ ծրագրով, այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, այդ բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազարի չափով օժանդակություն:
«Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի», - ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ՝ անձիք և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է հանդիսանալ միջոցառման շահառու:
«Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի», - ասաց նա։
«Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի», - ասաց վարչապետը։