27/11/2020 19:14
Երբ դու խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին. Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Փաստինֆո)
Հայաստանի իշխանությունները պատշաճ քայլեր չեն իրականացնում կորած զինվորներին հայտնաբերելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նշեց, որ մոտ հինգ օր առաջ հեռախոսազանգ է եղել մի խումբ տղաների կողմից, որոնք ինչ-որ տեղ պատսպարվել են Զանգելանի տարածքում և չեն պատկերացնում՝ ինչ պետք է իրենց հետ լինի։
«Ժամանակակից տեխնիկական միջոցներով կարելի էր շատ հստակ տեղորոշել այդ մարդկանց վայրը և փորձել գործողություններ ձեռնարկել։ Երեկվա դրությամբ՝ ոչինչ չի արվել, հիմա կնստի իրենց հեռախոսների մարտկոցները և պատերազմի ավարտից հետո կունենանք մի քանի զոհ ևս՝ սովից, անճարությունից, վերքերից մահացած մեր տղաների», - ասաց նա։
Դիտարկմանը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ադրբեջանցիները թույլ չեն տալիս աշխատանքներ իրականացնել՝ Սաղաթելյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող հստակ ասել՝ ով պետք է բանակցություններ վարի, բայց հստակ ասում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ստորագրվի ժամանակին և արժանապատվորեն։
«Երբ դու չունես կարգավիճակ, թեկուզ այդ երեք ստորագրողների մեջ, երբ դու ինչ-որ խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին կամ վնգստոցին, որովհետև այսօր պարզ չէ դու ով ես, դու ստորագրել ես փաստաթուղթ և հպարտանում ես նրանով, որ օրական երկու-երեք անգամ զանգում ես այլ երկրի ղեկավարին։ Այլ երկրի ղեկավարը չի գալու քո փոխարեն լուծի քո երկրի հարցերը։ Հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը. դա է ամենաճիշտ, ողջամիտ և կարճ ճանապարհը և ամեն օր մեր կորուստները որպես ազգ, որպես երկիր աճելու են, ինչպես աճեցին մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում», - նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու կամ «մենք կուղղենք մեր սխալները» քարոզելու ժամանակը չէ, քանի որ վերջիններս ի վիճակի չեն ուղղել իրենց սխալները, որովհետև ի վիճակի լինելու դեպքում այդ սխալներին չէին հասցնի։ Ըստ Սաղաթելյանի՝ այդ մարդիկ պատրաստվածություն չունեն, պատկերացում, թե ինչ է պետությունը և ինչպես է գործում՝ չունեն այդ մարդիկ և աշխատանքները տարվում են ներքին լսարանի համար։
«Երկիրը կորցնում է իր դիրքերը՝ բոլոր տեղերում, հայերն այլ երկրներում ընկճված են և շատ վատ են զգում այլ ազգային միջավայրերում և դա ունենալու է հետևանքներ։ Կլինի շղթայական ռեակցիա, շարունակական, ինչպես շարունակական էր մեր զոհերը՝ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընթացքում և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, քաջ իմանալով, որ ամեն օրը բերում է նոր զոհեր, նոր գերեվարված անձինք և նոր անհայտ կորածներ, անհասկանալի է, թե ինչի վրա հույսը դնելով, ամեն օր ձգում էր»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։