27/11/2020 14:28
Մեր հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, մեր արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Սիրելի ժողովուրդ, մի տրվեք վախի և խուճապի, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը եւ վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին: Այո՝ հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են:
Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո՝ պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը եւ կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ:
Ճշմարտությունն ասվել է, ի դեպ, նաեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իմ հանդիպումների ժամանակ, եւ ես այդ հանդիպումներին հստակ ասել եմ, որ իրենց հրավիրել եմ ամեն ինչ պատմելու համար, որովհետեւ այդ ամենը, ինչ իրենց եմ պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաեւ չեմ ուզում ստացվի, թե թաքցնում ենք ճշմարտությունը: Եւ, ի դեպ, այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եւ նրանք այսօր շատ վատ են զգում եւ զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ հայ ժողովրդի այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է:
«Բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որեւէ տեղ: Պիտի ապահովենք Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, պիտի ապահովենք արցախցիների վերադարձը, պիտի լուծենք սահմանային ամենահրատապ եւ կնճռոտ հարցերը, որոնց շուրջ հնարավոր է նորանոր աղմուկներ բարձրանան, բայց մենք պիտի անցնենք այդ ճանապարհը: Ամեն ինչի մասին մենք ձեզ մանրամասն կտեղեկացնենք՝ այնքան, որքան հնարավոր կլինի առանց մեր շահերը՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը վնասելու:
Բայց մի բանում վստահ եղեք. մենք ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Բայց չի նշանակում, որ մենք անթերի ենք: Սա չի նշանակում, որ մենք ճիշտ ենք ամեն ինչի մեջ, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվել ու չենք սխալվելու: Բայց մենք ամեն ինչ մեջ ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Ու մենք կհաղթահարենք այս փորձությունը, միասին կհաղթահարենք: Իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անդամների առաջ:
Իմ խոնարհումը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների առաջ, Արցախի հպարտ քաղաքացիների առաջ, սփյուռքի հպարտ հայության առաջ:
Մեր հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, մեր արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած», - եզրափակեց վարչապետը։