27/11/2020 14:20
Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել. Վարչապետ (Տեսանյութ)
Անցյալի մասին խոսելը կարեւոր է, եւ մենք դեռ առիթներ կունենանք դա անելու, բայց այսօր շատ ավելի կարեւոր է խոսել այսօրվա եւ ապագայի մասին: Այսօրվա ու ապագայի խնդիրների եւ նպատակների մասին, տեսաուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը:
Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաեւ անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարեւոր հարց է բոլորիս համար, եւ այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից: Դա կախված է ոչ միայն մեզանից:
Այո, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, եւ մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ:
Բայց նաեւ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Հայաստանի կերպարը», - ասաց վարչապետը։