28/11/2020 20:42
Նախարարն ասաց՝ բացառվում է, որ Արցախից զորքը հանվի. դեկտեմբերի 1-ից կսկսվի «սմենափոխության» նման մի բան. ժամկետային զինծառայողի ծնող
Մեր պահանջը հստակ է՝ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան, նախարարից բոլորս դա էինք պահանջում, լրագրողների հետ զրույցում ասացին ժամկետային զինծառայողների՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից դուրս եկած ծնողները:
«Բայց նախարարն ասեց, որ դա հնարավոր չի, եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է՝ կռիվ լինի: Մնաց երեխաներին 10-օրյա արձակուրդ նշանակելը, Հայաստանում ծառայող երեխաները գնան Արցախ, նրանց փոխարինեն: Նախարարն ասաց՝ բացառվում է, որ Արցախից զորքը հանվի: Երեխաները կգան արձակուրդ, հետո նորից հետ կգնան ծառայելու, ամսի մեկից կսկսվի «սմենափոխության» նման մի բան:
Մենք հարցրեցինք՝ կարո՞ղ եք ապահովել շարքայինների անվտանգությունը, նախարարն ասեց՝ այո: Բայց մենք վստահ չենք», - նշեցին ծնողները:
Նրանք Վաղարշակ Հարությունյանին ասել են՝ պատրաստ են անձնապես գնալ և իրենց երեխաներին տեղափոխել Հայաստան:
«Հիմա նախկին Արցախը չէ, և դիվերսիան ամեն րոպե կարող է մտնել, մեր երեխաներին վնասել: Բայց նախարարն ասեց, որ մեր երեխաները հարյուր տոկոսով անվտանգ են», - նշեց նախարարի հետ հանդիպումից դուրս եկած մեկ այլ ծնող:
Նախարար Հարությունյանը միաժամանակ առաջարկել է վաղը հինգ ծնողի կրկին ընդունել՝ վերջնականապես քննարկելու ժամկետային զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցը: Նախարարը, սակայն, զգուշացրել է՝ բոլորին միանգամից արձակուրդ տալ չեն կարող, գործընթացը փուլ առ փուլ պետք է իրականացվի:
Հարցին՝ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, ժամկետային զինծառայողների ծնողները պատասխանեցին՝ դեռևս վերջնական որոշում չունեն: