01/12/2020 13:13
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ այսօր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը մեզ համար նորություն չէր, սա ևս մեկ ապացույց էր, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում, այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, նախօրեին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Արցախի հարցով Մոսկվա մեկնելու համար Ռ. Քոչարյանի անձնագիրը դատարանում լինելու փաստը խնդիր է եղել:
«Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին», - գրել էր վարչապետը։
«Փաշինյանի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ այսօր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է, և այս գործով ուղղակի հնազանդ կերպով կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները», - ասաց Ալումյանը:
Հարցին, թե Փաշինյանի գրառումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի պաշտպանները դատախազներին բացարկ հայտնեն, Հայկ Ալումյանը պատասխանեց.
«Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել։ Իհարկե, դատախազները բացարկման ենթակա են, ուղղակի հաշվի առնելով, որ այս ամեն ինչը կատարվում գլխավոր դատախազի գիտությամբ և ուղղակի ցուցումներով, մի քիչ դժվար է պատկերացնել, թե այս երկու դատախազի փոփոխությունից ինչ կարող է փոխվել։ Ես այն կարծիքին եմ, որ դա պարզապես անօգուտ բան է»։
Ալումյանն ասաց նաև, թե 2018 թվականից իրենք հայտարարում են, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը ոչ թե քրեական գործ է, այլ քրեական գործի քողի տակ քաղաքական հետապնդում է։
«Բազմաթիվ ապացույցներ կարողացանք վկայակոչել. համացանցում հայտնված գաղտնալսման, դատարանները արգելափակման և շատ այլ ապացույցներով կարողացանք ցույց տալ, որ սա իրականում քաղաքական հետապնդում է», - ասաց նա։