01/12/2020 13:27
Դատավորները երեկ վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը երեկ ոչ թե հանդիպեց դատավորների հետ, այլ նա կանչեց դատավորներին, և դատավորները, կարելի է ասել՝ վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Դատավորների այն հատվածը, որին դուք տեսաք, շտապեցին ներկայանալ վարչապետին, կարելի է ասել՝ վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը։ Դա շատ ցավալի է։ Եթե մենք հավակնում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, ապա իշխանության գործադիր ճյուղը չպետք է կարողանա դատավորներին սուլոցով կանչել իր նստավայր կամ հրահանգել, որպեսզի գան իր նստավայր, իսկ դատավորներն էլ իրենց հերթին պետք է ունենան բավարար չափով մասնագիտական արժանապատվություն, որպեսզի հանկարծ ներկա կամ ապագա որևիցե մի վարչապետ հանդգնի իրենց կանչել, չգնան», - ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով՝ սա ևս մեկ «ինդիկատոր» է, որ Հայաստանում դատական համակարգում բավական լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք պատրաստ են ցանկացած պահի վարչապետի կամակատարը հանդիսանալ ոչ թե գործնականում, այլ նաև՝ արտաքինից էլ դա չթաքցնել։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: