01/12/2020 18:27
ՀՀ-ում Իրանի դեսպանը վսհատություն է հայտնել, որ պատերազմի դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:
Աբբաս Բադախշան հաստատել է դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հացրեր:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վսհատություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:
Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը: