01/12/2020 22:34
Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ, նախագահը նրան խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն
Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը, Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։
«Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․ պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը սակայն դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի», - գրել է նա։
Նա նշել է, որ ունի առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկներ արտերկիր, սակայն պատերազմը շատերի փոխարեն որոշումներ կայացրեց։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․ Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։
Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն», - նշել է Թանդիլյանը։