02/12/2020 14:38
Որևէ մեկը հող չի տվել, պատերազմում պարտվել ենք բոլորս. Արմեն Խաչատրյան
Որևէ մեկը հող չի տվել, պատերազմում պարտվել ենք բոլորս, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Պատերազմում եղել է պարտված կողմ, և պարտված կողմին թելադրել են այն, ինչ հնարավոր է եղել: Դա ինձ համար ընդունելի չէ, և պետք է անել ամենը, որպեսզի կարողանանք վերականգնել հնարավորը», - ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ից 20 և ավելի օր է անցել, իսկ իշխանությունը ոչինչ չի արել, Խաչատրյանն ասաց՝ Ադրբեջանին էլ հաղթանակի համար 25 տարի և ավելի պահանջվեց:
Ինչ վերաբերում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ անձամբ է զգուշացրել ինչ-որ պահի դադարեցնել պատերազմը, Արմեն Խաչատրյանը նշեց՝ ինքը կասկածում է, որ այդ անձն այդպիսի զգուշացում առհասարակ արել է:
«Մենք առաջին չորս օրը շատ լավ դիմադրում էինք և նունիսկ հաջողություններ ունեինք: Մենք որոշել ենք մինչև վերջ կռվել», - նշեց իշխանական պատգամավորը:
Ինչ վերաբերում է Սյունքին, պատգամավորը շեշտեց՝ Սյունիքն ամուր կանգնած է, այնտեղ անվտանգային որևէ խնդիր չկա:
«Մեղրիի միջով ճանապարհը լինելու է ՀՀ տարածքը, ուղղակի Հայաստանը թույլատրելու է, որ իր տարածքով անցնեն Ադրբեջանի բեռները: Այդ ճանապարհից, երբ ուզենք, պետք է օգտվենք, սովորական տրամաբանությամբ այդ ճանապարհից պետք է օգտվեն նաև ՀՀ քաղաքացիները», - ասաց նա: