03/12/2020 14:53
Անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին. Ռուստամ Բադասյան
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ թյուրընկալումները բացառելու համար ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացնում է, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացված մարմնի ստեղծումը պայմանավորված է երկրում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այդուհանդերձ, ՀՀ պետական բյուջեից ծախսերի նախատեսումը բացարձակ բնույթ չի կրելու:
«Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին», - նշել է նախարարը։
Բադասյանը տեղեկացրել է, որ ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով, ինչպես սահմանված է համապատասխան համաձայնագրերում։